24 հունվարի 2017 - 14:08 AMT
Կասպրշիկը և Ադրբեջանի ՊՆ ղեկավարը քննարկել են իրավիճակը շփման գծում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում, հայտնում է Haqqin.az-ը Ադրբեջանի պաշտպանության նախարարության վրա հղումով:

Զրուցակիցները քննարկել են իրավիճակը շփման գծում, անդրադարձել են նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին:

Քննարկվել է նաև 2016-ի դեկտեմբերի 29-ին Հայաստանի տարածք դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողի դին Բաքվին հանձնելու հարցը: Կասպրշիկը հավաստիացրել է, որ «այդ հարցը կլուծվի մոտ ապագայում»:

2016 թ. դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում: Ադրբեջանական կողմը, ՀՀ ՊՆ հաղորդմամբ, կորցրել է 7 զինծառայող: Նրանցից մեկի՝ Հուսեյնովի դին մնացել է ՀՀ տարածքում: