24 հունվարի 2017 - 15:57 AMT
ՀՀ-ն ու «Ռոսատոմը» կբանակցեն միջուկային անվտանգության հարցերի շուրջ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրություն է ստորագրել «Ռոսատոմի» և ՀՀ գերատեսչությունների միջև միջուկային և ճառագայթային անվտանգության արձանագրությամբ սահմանված պարտավորությունների կատարման միջոցառումների վերաբերյալ բանակցություններ անցկացնելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

«Ընդունել Ատոմային էներգիայի պետական «Ռոսատոմ» կորպորացիայի, ՌԴ ԱԳՆ հետ համաձայնեցված, առաջարկությունը «Ռոսատոմի», ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հետ միջուկային անվտանգության ոլորտում արձանագրություն կնքելու շուրջ բանակցություններ անցկացնելու մասին: Արձանագրությունը վերաբերում է ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև միջուկային վթարի օպերատիվ իրազեկման և միջուկային և ճառագայթային անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման գործնական միջոցառումների իրականացմանը: Վերոնշյալ համաձայնագիրը կնքվել է 2015-ի հոկտեմբերի 7-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նման տիպի համաձայնագրերը ստորագրում են հարևան երկրները, որոնց տարածքում շահագործվում են միջուկային էներգետիկ կայաններ: