Իրաքյան Մոսուլի մոտ 750.000 բնակիչ է ապրում քաղաքի այն շրջաններում, որոնք գտնվում են ահաբեկչական «Իսլամական պետության» տիրապետության տակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՄԱԿ տվյալների վրա հղումով:
Ինչպես հայտարարել է Իրաքում Հումանիտար հարցերի համակարգող Լիզ Գրանդեն, գրոհայինների կողմից վերահսկվող տարածքներում աճում է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գները, ջրի և էլեկտրական էներգիայի խափանումներ կան: Ըստ նրա, որոշ բնակիչներ ստիպված են այրել կահույքը` տաքանալու համար:
ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է 2016-ի հոկտեմբերին: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ:
Գործողության մեկնարկից 90 օր անց անվտանգության ուժերին հաջողվել է լիակատար վերահսկողություն հաստատել քաղաքի արևելյան թաղամասներում, սակայն դա ծանր հետևանքներ է ունեցել: Ինտենսիվ մարտական գործողությունների հետևանքով քաղաքի ենթակառուցվածքներին հսկայական վնաս է հասցվել: