ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը Մոսկվայում համագործակցության հուշագիր են ստորագրել, որը միտված է արդյունաբերության և առևտրի բնագավառում հայ-ռուսական փոխգործակցության խորացմանը:
Ստորագրման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Այս հուշագրով կողմերը կաշխատեն ՀՀ և ՌԴ միջև առևտրի ծավալների ավելացման և կառուցվածքի կատարելագործման, փոխադարձ առևտրում ավանդական, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և նորարարական արտադրանքի մասնաբաժնի ավելացման և դիվերսիֆիկացիայի ուղղությամբ միջոցառումների մշակման ուղղությամբ։
Նախարարների ստորագրած փաստաթղթով կստեղծվի աշխատանքային խումբ` ՀՀ և ՌԴ արդյունաբերության բնագավառում գործունեություն իրականացնող սուբյեկտների միջև համագործակցության ընդլայնման և խորացման ճանապարհային քարտեզի մշակման նպատակով։
Նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մակսիմ Օրեշկինի կողմից մեկ այլ փաստաթուղթ է ստորագրվել «Միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ. ծրագրի» վերաբերյալ։ Այս ծրագրով նախատեսվում է.
• միջտարածաշրջանային ծրագրերի և համատեղ նախագծերի իրականացում, որոնք ունեն առաջնային կարևորություն երկու պետությունների տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից, այդ թվում նաև առողջապահական, կրթական, գիտական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում
• համատեղ մրցունակ ձեռնարկությունների ստեղծում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության վարչատարածքային կազմավորումների և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև համագործակցության առաջնային ոլորտներում բարձր տեխնոլոգիական ապրանքների թողարկում
• փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում համատեղ նախագծերի իրականացում
• տեղեկատվական և այլ փոխգործակցության համակարգերի գործարկում
• արդյունավետ փոխգործակցության իրականացում զբաղվածության և աշխատանքային միգրացիայի, տարածքային պլանավորման, մրցակցային քաղաքականության, ազգամիջյան քաղաքականության, մշակույթի, գիտության և կրթության, ԶԼՄ-ների, գրահրատարակչության և այլ ոլորտներում։
Ստորագրված փաստաթղթով կողմերը պայմանավորվել են իրականցնել մի շարք այլ քայլեր, ՀՀ և ՌԴ իշխանության մարմինների միջոցով` համաձայն սահմանված Ծրագրի միջոցառումների պլանի։
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր` ուղղված ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը տարբեր ոլորտներում: