4 օգոստոսի 2007 - 17:02 AMT
Սերբիան 6 պայման է առաջադրել Կոսովոյի շուրջ բանակցությունների համար
Բելգրադի «Երեկոյան նորություններ» թերթում հրապարակվել են Կոսովոյի անկախության շուրջ նոր բանակցությունների վեց պայմանները, որ հաստատել է Սերբիայի կառավարությունը: Բելգրադի առաջարկները հանգում են հետեւյալին` բանակցությունների թեմա պետք է դառնա սերբական այդ նահանգի ապագա կարգավիճակը: Բանակցությունները կողմերի միջեւ պետք է ուղղակի լինեն: Երկխոսությունը չպետք է սահմանափակվի ժամանակի առումով: Երկխոսության արդյունքը չպետք է նախապես կանխորոշված լինի: Բանակցությունները չպետք է հիմնվեն ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարիի ծրագրի վրա, որն անընդունելի է Բելգրադի համար: Մարզի անկախության շուրջ նոր բանակցությունների պայմանների վերաբերյալ իր առաջարկները Սերբիայի կառավարությունն ուղարկել է ծանոթության համար Կոսովոյի վերաբերյալ Շփման խմբի անդամ երկրների բոլոր դեսպաններին, ուր մտնում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Գերմանիան եւ Ֆրանսիան:

Մոտ օրերս Սերբիայի կառավարությունն կավարտի պատվիրակության ձեւավորումը, որը կներկայացնի Բելգրադը բանակցություններում: Նրա կազմում արդեն ընդգրկվել են նախագահ Բորիս Թադիչը, վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան, արտգործնախարար Վուկ Երեմիչը եւ Կոսովոյի ու Մետոխիայի գծով նախարար Սլոբոդան Սամարջիան: Պատվիրակության կազմում կարող են ընդգրկվել ընդդիմադիր Սերբական ծայրահեղական կուսակցության եւ Սերբիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները: Քննարկվում է նաեւ պատվիրակության կազմում նախկին արտգործնախարար Վուկ Դրաշկովիչին ընդգրկելու մասին հարցը: Սերբական պատվիրակության մշտական խորհրդատուի տեղում է մնում Շվեյցարիայից միջազգային իրավունքի պրոֆեսոր Թոմաս Ֆլայները, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: