«Կարմիր բերետներ» ռազմահայրենասիրական կազմակերպությունը միացել է «Համախմբում» կուսակցության, «Երրորդ հանրապետություն» կուսակցության, Հայաստանի դեմոկրատական կուսակցության դաշինքին, որով մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Համախմբում» կուսակցության մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը:
Դաշինքին միացել են նաև «Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը և Ժողովրդական կուսակցությունը։
«Մենք ողջունում ենք բոլոր միացողներին և տեղեկացնում, որ այլ քաղաքական ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ քննարկումները, հանդիպումները և բանակցությունները շարունակվում են։ Դաշինքը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները»,-ասվում է գրառման մեջ:
2017 թվականի ապրիլի 2–ին կայանալիք ընտրություններին դաշինքով են մասնակցելու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ը, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը» և Արամ Գ. Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը»: Սեյրան Օհանյանը, հնարավոր է, գլխավորի դաշինքի ցուցակը: