26 հունվարի 2017 - 12:04 AMT
Լավրովը կհանդիպի սիրիացի քրդերի ներկայացուցիչների հետ

Սիրիայի քրդական Ժողովրդական միության կուսակցության (ԺՄԿ) ներկայացուցիչները կմասնակցեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը Սիրիայի ընդդիմության հետ: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում կուսակցության ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լավրովի հանդիպումը սիրիական ընդդիմության հետ տեղի կունենա հունվարի 27-ին Մոսկվայում:

«Ֆրանսիայից կժամանի մեր ներկայացուցիչը: Հնարավոր է, ես էլ լինեմ»,-ասել է Աբդ Սալամ Ալին: Ըստ նրա, հանդիպման էին հրավիրվել նաև կուսակցության առաջնորդները Սիրիական Քրդստանից, սակայն նրանք չեն հասցնի ժամանել Մոսկվա, քանի որ Իրաքի տարածքով են հասնելու:

Մենք կցանկանայինք քննարկել Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների արդյունքները և ԺՄԿ ներկայացուցիչների մասնակցության հարցը Ժնևի բանակցություններին»,-ասել է կուսակցության ներկայացուցիչը:

Ժողովրդական միության կուսակցությունը (ԺՄԿ) ամենամեծ կուսակցությունն է Սիրիական Քրդստանում, որը 2016-ի մարտին միակողմանի կարգով իրեն «դաշնային տարածաշրջան է» հռչակել: Ժնևի բանակցություններին ԺՄԿ մասնակցությանը մշտապես դեմ է հանդես գալիս Թուրքիան, քանի որ համարում է, որ կուսակցությունը կապեր ունի Թուրքիայում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմի մասին: