ՀՀ կառավարության հունվարի 26-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանդիպել ՌԴ-ում և այլ երկրներում գյուղտեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով:
«Մեկ ամսվա ընթացքում ներկայացնել Հայաստանում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծ: Պարոն Առաքելյան, «Ռոսսելմաշ»-ի հետ ե՞րբ եք հանդիպում»,- գյուղնախարարին հարցրել է վարչապետը, գրում է Panorama.am-ը:
Ի պատասխան Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ հունվարի 26-ին Հանդիպելու են, իսկ հաջորդ օրը պաշտոնական այց կլինի մնացած ընկերություններ:
«Շատ ինտենսիվ, կպած անում եք»,- արձագանքել է վարչապետը:
Նշվել է նաև, որ Կառավարության ծրագրով նախատեսված է մշակել բնակլիմայական աղետների կանխարգելման հայեցակարգ:
«Հանձնարարում եմ, որ հայեցակարգի շրջանակներում անդրադարձ կատարվի նաև ամպացրող թնդանոթների և կարկտապաշտպան ցանցերի արդյունավետության իրացվելիությանը: Ծրագիրը պետք է մշակվի առավել խոցելի համայնքներում կարկուտի էական վնասների նվազեցման նպատակով»,- նշել է վարչապետը:
Ավելի վաղՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջարկել է ՀՀ-ում կարկտահարության դեմ ըստ գոտիականության տեղադրել հրթիռային կայաններ, իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության նպատակով հակակարկտային ցանցեր կիրառել: