26 հունվարի 2017 - 13:23 AMT
Մեքսիկայի նախագահ. Չենք վճարելու ԱՄՆ հետ սահմանին Թրամփի պատի համար

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն կրկին հայտարարել է, որ իր երկիրը ոչինչ չի վճարելու ԱՄՆ հետ սահմանին պատի կառուցման համար:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն անհապաղ կսկսի պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին: Նախապատրաստական միջոցառումները պետք է ավարտվեն 180 օրվա ընթացքում:

«Ես ափսոսում եմ և դատապարտում պատ կառուցելու որոշումը: Մեքսիկան չի հավատում պատերին, Մեքսիկան ոչ մի բան չի վճարի պատի համար»,-հայտարարել է Նիետոն իր հեռուստաեթերում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նիետոն հիշեցրել է, որ այժմ ԱՄՆ-ում են գտնվում Մեքսիկայի ԱԳ նախարարն ու էկոնոմիկայի նախարարը: Նա հավելել է նաև, որ հրահանգել է ուժեղացնել իր հայրենակիցների պաշտպանությունն ԱՄՆ-ում: «Մեքսիկան կպաշտպանի և կսատարի իր քաղաքացիներին: Այնտեղ, որտեղ ռիսկ կա միգրանտների համար, որոնց աջակցություն է հարկավոր, այնտեղ էլ պետք է լինի մեր երկիրը»,-ասել է Նիետոն:

Իր վերջին հարցազրույցներից մեկում Թրամփը հաստատել է, որ սկզբում ԱՄՆ-ում պատ կկառուցեն Մեքսիկայի հետ սահմանին, իսկ հետո փոխհատուցում կպահանջեն հարևաններից: Ֆինանսավորման աղբյուրները նշված չեն:

Հունվարի 31-ին նախանշված է Թրամփի և Նիետոյի հանդիպումը Վաշինգտոնում: