26 հունվարի 2017 - 13:47 AMT
«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով կանխավճարի շեմը կնվազի

Կառավարությունը մտադիր է կրկին վերանայել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը` նվազեցնելով ծրագրով ձեռք բերվող բնակարանների համար տրվող հիփոթեքային վարկի կանխավճարի չափը:

«Առավոտը» գրում է, որ հունվարի 26-ին այս մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնարարելով քննարկել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը:

«Մասնավորապես, պետք է բարձրացնել ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը և նվազեցնել պարտադիր կանխավճարի չափը: Ըստ անհրաժեշտության համապատասխան հարցը պետք է քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարկ ստանալու համար ներկայումս պետք է վճարել կանխավճար` բնակարանի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով: Դա նշանակում է, որ, օրինակ, եթե ձեռք բերվող բնակարանի արժեքը 25 մլն դրամ է, ապա վարկը կտրամադրվի 17.500.000 դրամի չափով, իսկ մնացած 7.500.000 դրամը պետք է վճարի վարկառուն: Գնվելիք բնակարանի առավելագույն արժեքը սահմանված է 25.000.000 դրամով: