Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերից և անդրադարձել հեռանկարային ուղղություններով փոխգործակցության զարգացմանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար՝ միաժամանակ կարևորելով հարաբերությունների մակարդակի բարձրացումը: «Ես ուզում եմ, որ չինաչի գործարարները Հայաստանում իրենց հարմարավետ զգան: Մենք ցանկանում ենք նաև Չինաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատել»,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետն ասել է, որ կառավարությունը շահագրգռված է ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ և պատրաստ է օժանդակել Չինաստանի գործարարներին Հայաստանի շուկայում գործունեություն ծավալելու հարցում: Կարեն Կարապետյանն առաջարկել է ներկայացնել կոնկրետ ծրագրեր՝ նշելով, որ դրանք մանրամասն կքննարկվեն կառավարության կողմից:
ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը նշել է, որ չինական կողմը ևս կարևորում է Հայաստանի հետ տնտեսական գործակցության խորացումը և նախատեսում է կազմակերպել մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 16-ին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական GSAFETY ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարվել է, որ Հայաստանում «խելացի քաղաք» կարող է ստեղծվել:
Վարչապետը ողջունել է չինական կողմի՝ մեր երկրում ներդրումային ծրագրերին ներգրավելու պատրաստակամությունը և նշել, որ GSAFETY-ի համար Հայաստանը կարող է լավ հարթակ հանդիսանալ նաև ԵԱՏՄ շուկա դուրս գալու գործում: Կառավարության ղեկավարն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ ավելի առարկայական քննարկել փոխգործակցության հնարավոր ոլորտներն ու ծրագրերը: