26 հունվարի 2017 - 16:43 AMT
Օզդեմիրը՝ Դինքի մասին. Նրա շնորհիվ Թուրքիայում սկսեցին խոսել Ցեղասպանության մասին

Գերմանիայի Բունդեսթագի ծագումով թուրք պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակ, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը Կանադայում մասնակցել է Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված միջոցառմանը:

Կանադայի Տորոնտո քաղաքի հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառմանը Բունդեսթագի պատգամավորը հանդես է եկել ելույթով: Օզդեմիրը նշել է, որ Դինքի շնորհիվ Թուրքիայում սկսեցին ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին, թուրքական Arti49.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Հրանտի շնորհիվ ցեղասպանության մասին երբևէ չլսած թուրքերը սկսեցին խոսել այդ թեմայով»,- ասել է քաղաքական գործիչը:

Հունվարի 19-ին լրացել է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցը: 2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Դինքի սպանության գործի հետաքննությունը շարունակվում է մինչ օրս: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնում: