1 սեպտեմբերի 2007 - 15:04 AMT
Ռ. Քոչարյան. Անցած տարիները հստակ ցույց տվեցին ԼՂՀ կենսունակությունը
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվա առթիվ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ռ. Քոչարյանի ուղերձի տեքստում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա առթիվ: Արցախի անկախության 16-րդ տարեդարձը մենք նշում ենք` վերահաստատելով ազատության ու ժողովրդավարության պայմաններում ապրելու ժողովրդի ձգտումը: Անցած տարիները հստակ ցույց տվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսունակությունն ու ժողովրդի վճռականությունը` կերտելու ազատ, ապահով եւ արդյունավետ պետություն:

Այդ դժվարին ճանապարհին հերոսի մահով ընկան բազմաթիվ հայորդիներ, որոնց երազանքն էր տեսնել ազատ ու ծաղկուն Արցախ: Այսօր, մենք գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջեւ:

Կրկին շնորհավորում եմ անկախության տոնի կապակցությամբ: Համոզված եմ, որ Ղարաբաղում իրականացվող ծրագրերը նորընտիր Նախագահի ղեկավարությամբ ձեւավորելու են կյանքի նոր որակ եւ զգալիորեն բարձրացնելու են ժողովրդի կենսամակարդակը»: