Իրանցի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, «Օսկարի» 2012 թ. մրցանակակիր Ասգար Ֆարհադին, որի «Առևտրականը» ժապավենը հավակնում է ամենահեղինակավոր կինոմրցանակին «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում, չի մասնակցի Լոս Անջելեսում կայանալիք հանդիսավոր արարողությանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի սահմանափակման մասին հրամանագրի պատճառով: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն The New York Times-ի վրա հղումով:
Ասգար Ֆահրադին նկարահանել է «Անցյալի դասերը», «Նադերի և Սիմինի ապահարզանը», «Էլլիի պատմությունը» ֆիլմերը:
«Ես մտադիր էի մասնակցել արարողությանը, ես մտադիր չէի բոյկոտել միջոցառումը որպես բողոքի նշան, քանի որ գիտեմ, որ ԱՄՆ կինոյի աշխարհի բազում ներկայացուցիչներ դեմ են ծայրահեղականությանը, որն այսօր ավելի վառ է արտահայտվում, քան երբևէ»,-ասել է ռեժիսորը:
«Այնուամենայնիվ, իմ ներկայության հնարավորությունը դժվարանում է բազմաթիվ «եթե»-ների և «բայց»-երի պատճառով, ինչն անընդունելի է, նույնիսկ եթե ինձ համար բացառություն արվի»,-գրել է ռեժիսորը:
Նա գրել է նաև, որ «մարդկանց ահաբեկումն օգտագործվում է, որպես նեղ մտածողությամբ անհատների ֆանատիզմի ու ծայրահեղականության արդարացման կարևոր գործիք»:
Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը: