30 հունվարի 2017 - 14:07 AMT
ՊԵԿ. Շինարարական պաստառի փոխարեն սառեցված թռչնամիս էին փորձում ներկրել

Որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը, հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս նմանատիպ դեպք է բացահայտել. ՀՀ քաղաքացին ՌԴ Վերին Լարս մաքսակետում հայտարարագրել է 22.5 տոննա պաստառ: Այնինչ, Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները, ռենտգեն համակարգով զննելով բեռը, մաքսային կանոնների ակնհայտ խախտում են արձանագրել: Նրանց ուշադրությունից չի վրիպել նաև այն հանգամանքը, որ պաստառը փորձել էին տեղափոխել սառնարանային բեռնատարով:

Զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացին շինարարական պաստառի փոխարեն փորձել է սառեցված թռչնամիս ներկրել:

2016-2017 թվականների ընթացքում հայտնաբերվել է ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ մաքսային կանոնների խախտման 35 դեպք: Իրավախախտները հիմնականում փորձ են արել չհայտարարագրված կամ տարանցիկ սխալ հայտարարագրմամբ հանրապետություն ներկրել պարենային, տնտեսական ապրանքներ, կոսմետիկ միջոցներ, ավտոպահեստամասեր և այլն: Սակայն մաքսային իրավախախտումների բոլոր փորձերը կանխվել են: