31 հունվարի 2017 - 11:57 AMT
Ճապոնիայի վարչապետ. Պատրաստ ենք զարգացնել ՀՀ հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում

Ճապոնիան պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ առավել խորացնել և զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում: Այս մասին հայտարարվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հանդիպմանը:

Պաշտոնական այցով Ճապոնիայում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը փաստել է, որ հայ-ճապոնական խորհրդարանական փոխգործակցությունը վերջին տարիներին զարգացման կարևոր փուլում է, ինչն իր դրական ազդեցությունն ունի երկու երկրի համագործակցության վրա:

ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնել, որ հայ-ճապոնական արդյունավետ համագործակցությունը կխորանա նաև միջազգային բազմակողմ հարթակներում:

Սահակյանը Աբեին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան այցի պաշտոնական հրավերը: Ճապոնիայի վարչապետը նշել է, որ երկու երկրի համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակում:

Վարչապետ Շինձո Աբեն նշել է, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ առավել խորացնել և զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում:

Սահակյանն ու Աբեն քննարկել են նաև տնտեսության, առևտրի, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել այլ ոլորտներում համագործակցության հնարավոր ուղիները: