31 հունվարի 2017 - 15:36 AMT
ՄԻՊ. ՀՀ-ում ամեն 6-րդ սպանությունը կատարվում է ընտանեկան բռնության արդյունքում

Իրավապահ մարմինների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը շատանում են: Այդ մասին «Կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելում. Եվրոպական փորձի ներկայացում» թեմայով սեմինարից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը:

«ՄԻՊ աշխատակազմ դիմում են այն անձինք, ովքեր տուժում են ընտանեկան բռնություններից: Կարևոր է բոլոր գործընկերների մասնակցությամբ արդյունավետ պայքար տանելը: Որովհետև իրավապահ մարմինների պաշտոնական վիճակագրությունն է վկայում, որ նման դեպքերը շատանում են, և այդ աճի միտումը մտահոգիչ է», - նշել է Թաթոյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ սեմինարի հիմնական նպատակն է համատեղ ջանքերով փորձել հասկանալ բռնությունների կանխարգելման ուղղությունները:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» օրենքի դեմ պայքարողների դիտարկմանը, թե նման օրենքն ընտանիքներ է քանդում` Թաթոյանը պատասխանել է. «Համաձայն չեմ այդ կարծրատիպի հետ: Ինձ համար շատ կարևոր է ընտանեկան արժեքների խթանումը, մենք պետք է ընտանիքահեն հասարակության սկզբունքերով առաջ գնանք, և առանց այս բռնությունների կանխարգելման հնարավոր չի լինի ընտանեկան արժեքների խթանումը: Իսկ իրավապահ մարմինների վիճակագրությունների ուսումնասիրումը ցույց է տվել, որ հանրապետությունում կատարվող սպանությունների 17% վերաբերվում են հենց այս ոլորտին: Բացի այդ՝ մենք ունենք դեպքեր, երբ երեխան սպառնալիքների պատճառով կարող է շաբաթներով դպրոց չհաճախել»:

Նա նաև ընդգծել է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» օրենքի նախագծի մշակման փուլում ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ պայմանավորվածություն է եղել բոլոր գործընկերների հետ իրականացնել լիարժեք համատեղ քննարկում՝ հասկանալու համար օրենքի այն մտահոգիչ դրույթները, որոնք կարող են խնդիրներ առաջացնել:

Ըստ World Vision-ի, ՀՀ կանանց 38.5%-ը կարծում է, որ պետք է հանդուրժել բռնությունը հանուն ընտանիքի: 2016-ին Հայաստանում գրանցվել է կանանց մահվան 14 դեպք ընտանեկան բռնության հետևանքով: Այդ մասին ավելի վաղ հայտարարել է Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը Կանանց հանդեպ բռնության վերացման միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում: