1 փետրվարի 2017 - 23:31 AMT
ՊԲ-ն ադրբեջանցի դիվերսանտի է գերեվարել

Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին:

Ինչպես հայտնում են ԼՂ ՊԲ մամուլի ծառայությունից, հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր,որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրությամբ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատրաստ են չեզոքացնել ցանկացած նախահարձակ գործողություն:

2016 թ. դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում: Ադրբեջանական կողմը, ՀՀ ՊՆ հաղորդմամբ, կորցրել է 7 զինծառայող: Նրանցից մեկի՝ Հուսեյնովի դին մնացել է ՀՀ տարածքում: