Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 130 կրակոց:
ԼՂՀ ՊՆ-ից հաղորդում են, որ բացի հրադադարի ռեժիմի խախտումներից շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ՊԲ առաջապահ ուժերի կողմից ժամանակին կանխվել է:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին:
Հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր,որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրությամբ: