Սիրիական բանակի մարտիկներն ու աշխարհազորայինների ջոկատները 32 գյուղ են ազատագրել «Իսլամական պետության» գրոհայիններից Հալեպից դեպի հյուսիս-արևելք, Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա:
Մի շարք գործողությունների արդյունքում ԻՊ ավազակախմբերից 250 քկմ տարածք է ազատագրվել, հայտնում է ՏԱՍՍ-ը SANA-ի վրա հղումով:
Կառավարական ուժերն ընդլայնել են Հալեպի շուրջ անվտանգության գոտին և շարունակում են հարձակողական գործողություններն Էլ Բաբի ուղղությամբ, որը թիկունքային հենակետ է ծառայում ԻՊ համար: Առաջապահ ջոկատներն այժմ քաղաքից 7 կմ հեռավորության վրա են:
Էլ Բաբը գտնվում է Սիրիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա: Այժմ քաղաքը շրջափակված է, թուրքական զորքերը փակել են քաղաքը Հալեպի հետ կապող ճանապարհը:
Մարտերն Էլ Բաբի մատույցներում սկսվել են 5 ամիս առաջ: Թուրքական բանակին և Սիրիայի ազատ բանակից իրենց աջակիցներին չի հաջողվել վերցնել քաղաքը` չնայած ԻՊ մեծ կորուստներին: Ըստ Թուրքիայի գլխավոր կենտրոնակայանի, ԻՊ-ն արդեն 500 զինյալ է կորցրել: Իրենց կորուստները թուրքերը ներկայացրել են որպես 19 զինծառայող, իսկ Սիրիայի ազատ բանակի կորուստների մասին տվյալներ չկան: ԻՊ-ն իր հերթին հայտարարել է թուրքական 10 տանկ խոցելու մասին:
Մինչդեռ ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ Էլ Բաբ քաղաքը հանձնել սիրիացի զինվորականներին «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո: