2 փետրվարի 2017 - 15:48 AMT
ԼՂՀ-ին ապրիլից հետո մոտ 5.4 մլրդ դրամ է հանգանակվել. Ներկայացվել են ծախսերը

Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է հատուկ հաշվեհամարի մուտքերի և ելքերի (ծախսերի) վերաբերյալ ընդհանրական հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ: 2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7.903 ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 5.484.130.100 ՀՀ դրամ:

Ըստ արժույթի՝ փոխանցումները բաշխվել են հետևյալ կերպ՝ 2.519.339.800 ՀՀ դրամ, 5.032.601 ԱՄՆ դոլար, 180.428 եվրո և 62.631.827 ՌԴ ռուբլի:

2017-ի հունվարի 1-ի դրությամբ՝ հավաքագրված գումարներից և կառավարության արտաբյուջետային հաշվից տարբեր նշանակության ծախսեր են կատարվել՝ ընդհանուր առմամբ, 6.003.654.100 դրամի չափով, որոնք արտահայտված են հետևյալ ընդհանրական տողերում՝

Փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 1.359.862.200 ՀՀ դրամ: Այդ միջոցները տնօրինել է պաշտպանության նախարարությունը՝ ըստ իր կարիքների և առաջնահերթությունների:

Ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 1.458.724.500 ՀՀ դրամ: Առաջնագծի ամբողջ երկայնքով տեղադրված այդպիսի սարքավորումները բարձրացրել են դիրքերի պաշտպանունակության մակարդակը, ինչպես նաև՝ հակառակորդի տեղաշարժի վերահսկման հնարավորությունները՝ թե՛ մերձակա և թե՛ հեռու տարածությունների վրա, թե՛ ցերեկային և թե՛ գիշերային պայմաններում:

Ինժեներական աշխատանքների կատարում՝ 1.144.556.400 ՀՀ դրամ: Այս աշխատանքները ներառել են և՛ առաջնագծի, և՛ թիկունքային ինժեներական ամրությունների կառուցում և բարեկարգում:

ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի ու կապի ծառայությունների և կապիտալ ծախսերի իրականացում՝ 1.012.035.600 ՀՀ դրամ: Այս ծախսերի միջոցով բարելավվել են առաջնագծին սպասարկող ենթակառուցվածքները, և արդիականացվել են կապի միջոցները:

Զորակոչված քաղաքացիներին և կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 1.028.476.400 ՀՀ դրամ: Ֆինանսական աջակցություն է տրվել ԼՂՀ գրանցում ունեցող այն կամավորներին, ովքեր կա՛մ գործազուրկ/ինքնազբաղված էին և որոշակի եկամուտ են կորցրել կամավորության ընթացքում, կա՛մ հաստատագրված գումարի չափից ավելի ցածր աշխատավարձ էին ստանում:

Ընդհանուր առմամբ, հատուկ հաշվեհամարում հավաքագրված միջոցներից մոտ 520 մլն դրամ ավելի գումար է ծախսվել, որն ուղղվել է կառավարության արտաբյուջետային հաշվից:

Բացի կառավարության հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարներով կատարված աշխատանքներից, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձինք ևս առանձին աջակցություն են ցուցաբերել հատկապես տեխնիկական միջոցների, մեքենաների և անհրաժեշտ այլ պարագաների տրամադրման տեսքով: Իսկ ինժեներական աշխատանքների զգալի մասը կատարել են շինարարական մասնավոր ընկերությունները՝ կառավարության կողմից իրենց ծախսերի մասնակի փոխհատուցմամբ:

Կառավարությունն ավելի մանրամասն հաշվետվություններ ներկայացրել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովին և խմբակցությունների ղեկավարներին, որոնք ներառում են նաև հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ:

Հանգանակությունը բաց է, և բոլոր ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին՝

Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվեհամարները՝

ՀՀ դրամ՝ 22300612211100,

ԱՄՆ դոլար՝ 22300110153200,

Եվրո՝ 22300200153300,

ՌԴ ռուբլի՝ 22300400153100:

Առցանց փոխանցումների (վիզա, մասթեր և արքա քարտերով) համար անցնել հետևյալ հղմամբ: