2 փետրվարի 2017 - 16:03 AMT
Թալիշում գերեվարվածի համագյուղացիները, հարազատները պնդում են՝ նա զինվորական է

Փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր:

Գերեվարված զինծառայողի ծնողների հետ հարցազրույց են ունեցել ադրբեջանական լրատվամիջոցները: Տեղադրվել է տեսանյութ, գերեվարվածի նկարները: Լրատվամիջոցները ևս հաստատում են, որ գերեվարվածը գործող զինվորական է:

Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված ԷլնուրՀուսեյնզադեին:

Բաքուն, անդրադառնալով փետրվարի 1-ին ադրբեջանցի դիվերսանտի գերեվարմանը ԼՂՀ ՊԲ կողմից, փորձում է հրաժարվել նրանից` հայտարարելով, թե վերջինս որպես կարգազանց զինծառայող, զորացրված է Ադրբեջանի ԶՈւ շարքերից և այժմ հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում:

Սոցցանցերում հայտնված տվյալներն համապատասխանում են այդ հրապարակումներից ժամեր անց Ադրբեջանի գերիների և անհետ կորածների հարցով պետական հանձնաժողովի՝ գերեվարվածի մասին հայտնած անձնական տվյալներին: Ըստ այդմ մեծ հավանականություն կա, որ Հուսեյնզադեի համագյուղացիների հայտնած տեղեկություններն իսկապես ճիշտ են, գրում է Razm.info-ն:

Ըստ այդ տեղեկությունների՝ Հուսեյնզադեն Ադրբեջանի Բարդայի շրջանի Ղուլլար գյուղի բնակիչ է, 1995 թ. ծնված: Այս տվյալն իր հերթին մասամբ համապատասխանում է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում նշվածին (այնտեղ նշվում էր, որ գերին «Բարդայից է»):

«…Ղուլլարի գյուղապետարանից հայտնում են, որ Էլնուրը պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո կրկին մեկնել էր ծառայության և պայմանագրային զինծառայող էր: Ո՞ւմ հավատանք»: Այս գրառման հեղինակը կասկած է հայտնում Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն պնդմանը, թե Հուսեյնզադեն գերեվարվելու պահին իբր զինծառայող չէր:

Մեկ այլ ադրբեջանցի օգտատեր նույնպես կասկածանքով է մոտենում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը և նոր տվյալներ է հաղորդում. «Հայերն ասում են զինծառայող էր, հետախույզ էր և վիրավոր է գերեվարվել՝ դիվերսիայի ընթացքում: Զինվորի ծնողներն ու գյուղապետարանի ներկայացուցիչներն էլ են ասում, որ նա զինծառայող էր: Միայն մեր անամոթ ՊՆ-ն է, որ հերքում է»: