2 փետրվարի 2017 - 17:42 AMT
ՌԴ, Թուրքիայի և Իրանի հանդիպումը Սիրիայի գծով կկայանա փետրվարի 6-ին

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հանդիպումը Սիրիայի գծով ՄԱԿ ներկայացուցչի մասնակցությամբ տեղի կունենա Աստանայում փետրվարի 6-ին: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:

Ավելի վաղ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հայտարարել էր, որ Սիրիայում հրադադարի դիտարկման մեխանիզմների իրագործման քննարկմանը նվիրված հանդիպումը տեղի կունենա փետրվարի 6-ին Աստանայում:

«Իրոք, մեզ դիմել են` խնդրելով օգնել սիրիական կարգավորման վերաբերյալ միջազգային տեխնիկական հանդիպման կազմակերպմանն Աստանայում, որին մասնակցելու են ՌԴ, Թուրքիայի և Իրանի պատվիրակությունները` ՄԱԿ ներկայացուցչի մասնակցությամբ»,-ասել է Ժայնակովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հանդիպմանը հրադադարի դիտարկման մեխանիզմների իրականացումից բացի, կքննարկվեն նաև զինյալ ընդդիմության առաջարկը հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, որը գործում է 2016-ի դեկտեմբերի 30-ից, հրադադարի ռեժիմի պահպանման ուղիները»:

Հունվարի 23-24 Աստանայում ՌԴ, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ միջսիրիական բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայում հրադադարի ռեժիմի վերահսկման եռակողմ մեխանիզմի ստեղծման մասին: