3 փետրվարի 2017 - 10:19 AMT
Tax Free համակարգով 2016-ին վերադարձվել է մոտ 464 միլիոն դրամ

2016 թվականին Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշիվներով (Tax Free) վերադարձվել է մոտ 464 միլիոն դրամ, ինչը մոտ 123 մլն դրամով գերազանցել է 2015 թվականի ցուցանիշը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Tax Free համակարգի ներդրման ժամանակահատվածից՝ 2014 թվականից, մինչ օրս 10.000-ից ավելի դեպքով արտոնությունից օգտվողներին է վերադարձվել մոտ 1 մլրդ դրամ գումար:

ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) շեմը 100.000 դրամի փոխարեն սահմանվել է 50.000 դրամ` նպատակ ունենալով խթանելու վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարի ավելացմանն ու մանրածախ առևտրի ոլորտի աշխուժացմանը:

Հայաստանում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվում երկրից մեկնելիս: