ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը մասնակցել են գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, ՍԱՊԾ և Սահմանապահ վարչության պաշտոնյաներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության, մասնավորապես՝ սահմանամերձ գոտիների ու բնակավայրերի, անասնահամաճարակային իրավիճակը և կայունությունն ապահովելու համար կատարվող միջոցառումները՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու և այդ շրջանակներում համագործակցելու վերաբերյալ:
Խոսելով մեր երկրի աշխարհագրական դիրքի և դրանով պայմանավորված վարակների ներթափանցման ռիսկերի մասին՝ կողմերն անդրադարձել են վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության 9 մարզում արձանագրված թռչնագրիպին և նշել հատկապես Թուրքիայից ու Իրանից եկող վտանգը կանխելու և գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողությունն էլ ավելի ուժեղացնելու անհրաժեշտությունը:
Այժմ գործում է Իրանից ՀՀ թռչնամսի ներմուծման ժամանակավոր սահմանափակում:
Հանդիպման ընթացքում ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը և Սահմանապահ վարչության անասնաբուժասանիտարական ծառայության պետ Անդրանիկ Ասատրյանը ներկայացրել են անասնահամաճարակային ընթացիկ իրավիճակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղակատվությունն օպերտիվ կերպով միմյանց փոխանցելու ընթացակարգերի վերաբերյալ: Անատոլի Միխեևը կարևորել է կանխարգելիչ միջոցառումները իրենց հսկողության տարածքներում՝ ընդգծելով, որ այս հարցում իրենց աջակցում է թե գյուղնախարարութունը, թե ՍԱՊԾ-ն՝ համապատասխան մասնագետներով ու անասնաբուժական լաբորատորիայով:
Ծառայությունն ու սահմանապահ վարչությունը, ի դեմս երկու կառույցի պետերի, ստորագրել են արձանագրություն՝ ամրագրելով համագործակցության ուղղություններն ու առաջիկա քայլերը: