3 փետրվարի 2017 - 18:28 AMT
ԼՂՀ ԱԱԾ-ն գերեվարված Հուսեյնզադեին պատկերող տեսագրություն է հրապարակել

ԼՂՀ ԱԱԾ-ն հրապարակել է տեսանյութ, որում ադրբեջանական ԶՈւ գերեվարված զինծառայող Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուն է:

Նշված է, որ տեսագրությունը հրապարակվում է՝ հաշվի առնելով հանրային հնչեղությունը, ինչպես նաև, Հուսեյնզադեի հարազատների՝ լրատվամիջոցներով արտահայտված անհանգստությունը:

Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հուսեյնզադեին:

Բաքուն, անդրադառնալով փետրվարի 1-ին ադրբեջանցի դիվերսանտի գերեվարմանը ԼՂՀ ՊԲ կողմից, փորձում է հրաժարվել նրանից` հայտարարելով, թե վերջինս որպես կարգազանց զինծառայող, զորացրված է Ադրբեջանի ԶՈւ շարքերից և այժմ հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում: