Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել առաջիկա ընտրություններին մասնակցել դաշինքով, և այժմ բանակցում են «Ելք»-ի, ինչպես նաև՝ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան հավանական դաշինքի հետ: Այս մասին ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նա մանրամասնել է, որ Զարուհի Փոստանջյանը դեմ է եղել որոշմանը. «Ոչ միայն տիկին Փոստանջյանը: Այլ անձինք ևս եղել են: Բայց ճնշող մեծամասնությունը իր քվեարկությամբ հաստատեց, որ մենք գնում ենք դաշինքով»:
Անդրադառնալով «Ծառուկյան դաշինք»-ի հետ գործակցության հնարավորությանը՝ Մարտիրոսյանն ասել է․ «Հանդիպում եղել է, ոչ պաշտոնական է եղել, իմ կողմից է եղել, պարոն Հովհաննիսյանը չի հանդիպել: Ըստ էության այդ դաշինքի հետ կապված պաշտոնական այլևս որևէ հարաբերություն չկա: Հետագայում ինչ կլինի, չեմ կարող ասել, բայց այս պահի դրությամբ խորհուրդը որոշում է կայացրել «Ելք» դաշինքի և Սեյրան Օհանյան-Օսկանյան ենթադրվող դաշինքի հետ»:
Մարտիրոսյանը հնաև տեղեկացրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը «բնականաբար լինելու է թեկնածուների շարքում»․«Քանի որ նմանատիպ հարց չի քննարկվել, ես ենթադրում եմ, որ՝ այո»:
Դիտարկմանը, թե «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ի մեղավորներ է համարում հենց Օսկանյանին, Օհանյանին, ու հարցին, թե ինչպես են նրանց հետ միասին գնալու ընտրապայքարի, Մարտիրոսյանն արձագանքել է․ - «Ես ուրախ եմ, որ պարոն Օսկանյանը հենց ձեր ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց՝ ես պատրաստ եմ ամբողջ պատասխանատվությունը ստանձնել՝ եթե որևէ խնդիր կա, և պատրաստ եմ դատարանի առջև կանգնելու: Կարծում եմ, իր այդ խոսքը շատ ավելի կարևոր է այս դեպքում, երբ քաղաքական գործիչը պատրաստակամություն է հայտնում և վստահ է, որ ինքը այնպիսի քայլ չի կատարել, որի արդյունքում կարող է դատապարտվել․․․ Հույս ունեմ, որ նմանատիպ հարցացրումներ դուք պարոն Օհանյանին միանշանակ հնարավորություն կունենաք տալու, և ինքը ձեզ կպատասխանի»:
Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին ասել է, թե՝ «պետք է սկսեն բանակցություններ երկու պայմանական դաշինքների հետ: Այսինքն, ոչ թե արդեն գոյություն ունեցող ինչ-որ մի միավորի հետ են բանակցելու, այլ ինչ-որ տարբեր միավորներ հետ պետք է բանակցեն: Հասկանալի է, որ սա արհեստական ստեղծված իրավիճակ է, որը չի կարող լինել արդյոնավետ և օգտակար: Եվ հատկապես, եթե մենք հաշվի ենք առնում, որ դրանք իրապես ընտրություններ չեն, այլ ուղղակի ընտրությունների անվան տակ տեղի է ունենալու քաղաքական միջոցառում։ Հետևաբար, այսպիսի արհեստական ստեղծվող դաշինքների հետ միավորումը, իհարկե, ողջունելի չէ իմ կողմից: Եվ ես չեմ կարծում, որ սա արդյունավետ ճանապարհ է, որպեսզի անցնի «Ժառանգությունը»:
Փոստանջյանը չի բացառել, որ կարող է չընդգրկվել կուսակցության ցուցակում, սակայն բացառել է «Ժառանգությունից» դուրս գալը:
Ավելի վաղԱզգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ ընտրությունների գնալու մասին տեսակետը կուսակցության պաշտոնական դիրքորոշումը չէ։
Կարդացեք նաև՝ Անժառանգ կուսակցությունը. Ով, երբ և ինչու հեռացավ «Ժառանգությունից»