Qatar Airways-ի Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացնում էր պատմության մեջ ամենատևական չվերթը, վայրէջք է կատարել Նոր Զելանդիայում թռիչքից 16 ժամ անց:
«Մենք պաշտոնապես վայրէջք ենք կատարել Օքլենդում»,-գրել է ավիափոխադրողը Twitter-ում:
Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել նախատեսված ժամանակից մի քանի րոպե շուտ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Guardian-ի վրա հղումով:
Օդանավը սկսել էր թռիչքը Դոհայի օդանավակայանից փետրվարի 5-ի 05:10-ին (Երևանի ժամանակով 06:10-ին) և վայրէջք կատարել նորզելանդական Օքլենդում փետրվարի 6-ին 07:30-ին: Թռիչքի տևողությունը կազմում է 16 ժամ 20 րոպե, սակայն ժամային գոտիների փոփոխության պատճառով թռիչքը պետք է 1,5 օր տևեր:
Հայտնի է, որ արդեն 2018-ին Qatar Airways-ի ռեկորդը կգերազանցեն սինգապուրյան ավիաուղիները, որոնք մտադիր են թռիչքներ սկսել Սինգապուր-Նյու Յորք երթուղով առանց կանգառի: Մինչ այդ ամենաերկարը համարվում էր Դուբայ-Օքլենդ չվերթը: