7 փետրվարի 2017 - 09:31 AMT
Ցեղասպանության ժամանակ հայ որբերի մահմեդականացման վերաբերյալ օսմանյան փաստաթղթեր են հրապարակվել

Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն իրականացրել է հայ կանանց ու երեխաների մի մասին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականություն, որը ևս դիտարկվում է Ցեղասպանության համատեքստում և համարվում Եղեռնի կառուցվածքային տարրերից մեկը, քանի որ բռնի իսլամացված հայ կանայք և երեխաները փրկվել են զուտ ֆիզիկապես, իսկ որպես էթնոս` ոչնչացվել:

Akunq.net-ը հրապարակել է երկու օսմանյան փաստաթուղթ և դրանց արևմտահայերեն թարգմանությունները` Անկարայի շրջանում գտնվող մի շինության մեջ հավաքված հայ որբերի մասին: Առաջին փաստաթղթում Ներքին գործերի նախարար Թալեաթն անպատեհ է համարում հայ երեխաների` այդ շենքում հավաքական կերպով մնալը և հրահանգում, որ նրանց ցրեն իսլամական կազմակերպություններում:

Երկրորդ փաստաթուղթն այդ հրահանգի պատասխանն է` գրված Անկարայի փոխնահանգապետ Աթիֆի կողմից, որը որոշ մանրամասներ է հաղորդում այդ շրջաններում գտնվող հայ կանանց և երեխաների թվերի մասին և հայտնում, որ հայ մանուկները կբաժանվեն իսլամական կազմակերպություններում:

Փաստաթղթերը տրամադրել է ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գևորգ Հակոբյանը: