7 փետրվարի 2017 - 13:51 AMT
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Փետրվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզից դեպի հյուսիս։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը, ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Աշաղի Աբդուրախմանլի բնակավայրի մոտակայքում դիտարկում է անցկացվել 2016-ի հոկտեմբերի 20-ին: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: