8 փետրվարի 2017 - 11:17 AMT
ԼՂՀ ՄԻՊ. Լապշինի գործը հակադարձ նախադեպ կդառնա` մեծացնելով Արցախի հանդեպ հետաքրքրությունը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը և վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին: Այս մասին հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ Բելառուսի կողմից Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ տարածած հայտարարության մեջ.

«Մարդու հիմնարար իրավունքների բուն էությանը հակասող մեղադրանքների հիման վրա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելառուսը նրան հանձնել է Ադրբեջանին:

Այնուհանդերձ, Ադրբեջանին չի հաջողվելու Լապշինի գործը դարձնել իրավական նախադեպ, քանի որ դրա հիմքում ընկած փաստարկումը մերժելի է ժողովրդավարական բնույթ ունեցող որևէ պետության կամ հաստատության համար»,- նշել է Մելիքյանը:

Նա հավելել է, որ «Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ` մեծացնելով մարդու իրավունքների գաղափարախոսությանն ազնվորեն նվիրված իրավապաշտպանների, խոսքի ազատությանն ազնվորեն նվիրված լրագրողների հետաքրքրությունն Արցախի նկատմամբ: Սփյուռքի կառույցներին, հայկական իրավապաշտպան ու լրագրողական համայնքներին կոչ եմ անում ներգրավվել Լապշինի գործը հակադարձ նախադեպ դարձնելու գործընթացին»:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին:

Կարդացեք նաև՝ Լապշինին արտահանձնել են. Բլոգերը Բաքվում է