ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է իրանական Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելու առաջարկությունը:
ԱՄՆ պաշտոնյաները, որոնք ծանոթ են իրավիճակին, հայտնում են, որ ԱՄՆ որոշ կառավարական հաստատություններ քննարկում են այդ առաջարկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:
Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը Իրանի ԶՈւ մաս է կազմում: Այդ կորպուսի շրջանակներում, բացի կանոնավոր զորամիավորումներից, գործում են հատուկ նշանակության «Կոդե» և «Բասիջ» (ժողովրդական աշխարհազորայիններ) ուժերը, որոնք ուսուցանված պահեստայիններ են: Կորպուսն ակտիվ մասնակցություն է ունեցել իրանա-իրաքյան պատերազմին, մասնակցել է «Հեզբոլլահի» ստեղծմանը:
Դեռ հայտնի չէ կստորագրի արդյոք Թրամփն այդպիսի հրամանագիր: Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը:
«Նոր վարչակազմն Իրանը դիտարկում է որպես առավել մեծ վտանգ ԱՄՆ շահերին և միջոց է փնտրում իրավիճակը սրելու համար»,-մեջբերել է գործակալությունն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը:
Թրամփի երդմնակալությունից հետո Իրանի և ԱՄՆ հարաբերությունները սրվեցին: Հունվարի 29-ին Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ փորձարկեց: Ի պատասխան Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ: