Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դեմ է կուսակցության կողմից ընտրություններին դաշինքով մասնակցելուն:
«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության 25-ամյա պատմության ընթացքում իր սխալներով և ձախողումներով, հաջողություններով և հաղթանակներով մտել է նոր փուլ: Այս նոր փուլին նախորդած 2016 թվականը ոչ միայն հայ ժողովրդի համար բեկումնային տարի էր, այլ նաև «Ժառանգություն» կուսակցության գործունեության բնականոն ընթացքի խաթարման իմաստով նույնպես:
Այժմ կուսակցությունը պետք է կայացնի կարևոր որոշում` 2017-ի քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևի ու բովանդակության վերաբերյալ: Մերժելով «Ժառանգություն» կուսակցության իմ գործընկերների կողմից դաշինքով մասնակցությունը «Խորհրդարանական ընտրություններ» անվան տակ քաղաքական գործընթացին` իմ դիրքորոշման հիմքում ընկած է քաղաքականությամբ զբաղվելու հիմնական կանոնը` համաձայնություն սկզբունքների, ծրագրի և գաղափարախոսության շուրջ», - ասել է Փոստանջյանը:
Նա հույս է հայտնել, որ «Ժառանգություն» կուսակցությունն իր մեջ ուժ և իմաստություն կգտնի իր մասնակցությունը բերելու քաղաքական գործընթացներին սեփական անվան տակ:
«Հակառակ դեպքում` ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի»,-ասված է Փոստանջյանի հայտարարությունում:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել առաջիկա ընտրություններին մասնակցել դաշինքով, կուսակցությունն այժմ բանակցում է «Ելք»-ի, ինչպես նաև՝ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան հավանական դաշինքի հետ: