8 փետրվարի 2017 - 13:25 AMT
Մոսկվան հիասթափված է Լապշինին արտահանձնելու Մինսկի որոշումից

Մոսկվան հիասթափված է ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Մինսկի որոշումից: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ արտգործնախարարության կայքում:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ըստ առկա տեղեկատվության փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը, քննելով գործը փակ ռեժիմով, չի բավարարել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի բողոքն ընդդեմ Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման:

Ռուսական կողմն իր խորին հիասթափությունն է հայտնում տվյալ որոշման վերաբերյալ, որը չի համապատասխանում ՌԴ և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն:

ՌԴ ԱԳՆ-ն մտադիր է հետագայում ևս անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համար ՌԴ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը` նրան շուտով ընտանիքին վերադարձնելու նպատակով:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: