8 փետրվարի 2017 - 16:22 AMT
Եվրանեսթի համանախագահ. ԼՂ-ում խոսքի ազատությունը պետք է պաշտպանված լինի

Խոսքի ազատությունը պետք է պաշտպանված լինի Լեռնային Ղարաբաղում: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպման ընթացքում նշել է Եվրանեսթում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար, Եվրանեսթի համանախագահ Ռեբեկա Հարմսը:

Քննարկվել են հարցեր՝ կապված Հայաստանում խոսքի ազատության և լրագրողական աշխատանքի հետ: Մանրամասն քննարկվել է նաև լրագրողների և իրավապաշտպանների գործունեությունը Արցախում: Թաթոյանի կողմից հատկապես կարևորվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցության հարցը միջազգային հանդիպումներին, ինչպես նաև փոխանցվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի զեկույցները Ադրբեջանի կողմից ապրիլյան դաժանությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Հարմսը հայտարարել է, որ խոսքի ազատությունը ամենուրեք, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում պետք է պաշտպանված լինի: Կարևորվել է, որ դրանք եվրոպական արժեքներ են և ունեն համընդհանուր նշանակություն:

Քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և ԵՄ-ի հետ համագործակցության հարցեր: Ձեռք են բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքրեի պաշտպանի հետ համատեղ:

Ավելի վաղ փետրվարի 8-ին ՀՀ ՄԻՊ-ը հայտարարել է, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և նրա արտահանձնումը Ադրբեջանին չի կարող որևէ նշանակություն ունենալ Արցախում լրագրողների ու իրավապաշտպանների աշխատանքի համար: Այդ աշխատանքը համարվել և միշտ կհամարվի իրավաչափ. սա է սկզբունքը: