9 փետրվարի 2017 - 13:05 AMT
Յուրա Մովսիսյան. «Հայաստանն արդեն 20 տարուց ավելի է պատերազմի մեջ է, բայց աշխարհը ձևացնում է, թե ոչինչ չկա»

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե որքան կարևոր է իր համար հայ երկրպագուների աջակցությունը, անդրադարձել է նաև ԼՂ խնդրին:

«Ինձ համար դա շատ էմոցիոնալ պահ է, քանի որ մեր ազգը` 1915թ.-ի ցեղասպանությունից սկսած միշտ պատերազմների մեջ է եղել: Իմ երկիրը արդեն 20 տարուց ավելի է պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, բայց աշխարհը ձևացնում է, թե ոչինչ չկա, պատերազմ չկա:

Սահմանին ամեն օր մարդիկ են զոհվում: Եթե կարողանում ես ֆուտբոլի կամ ուրիշ սպորտաձևի, կամ էլ ֆիլմերի միջոցով ստիպես մարդկանց ժպտալ, դա շատ է ոգևորում: Նման պահերին ես շատ երջանիկ եմ լինում»,- ասել է Մովսիսյանը, մեջբերում է Armfootball.com-ը:

2016-ի հունվարից ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը հոկտեմբերի 11-ին դարձել է Յուտա նահանգը ներկայացնող ակումբի լիիրավ ֆուտբոլիստ: Մովսիսյանը 2016-ի ընթացքում MLS-ում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: 2016-ի նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտարարել էր, որ «ցանկացել է Յուրային տեսնել հավաքականում, բայց ֆեդերացիայի նախագահի պատասխանը բոլորին է հայտնի»: