10 փետրվարի 2017 - 09:09 AMT
Ռոհանի. Իրանը ղարաբաղյան պատերազմի 2 ճակատում էլ գործուն ներկայություն է ունեցել

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իսլամական հեղափոխության 38-րդ հաղթանակի տարեդարձի առթիվ փետրվարի 9-ին հանդիպել է Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքին հղումով Panorama.am-ը գրում է, որ Իրանի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված Իրանի ջանքերին, նշել է. «Այն ժամանակ, երբ Իրանի հյուսիսում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի բարձունքներում բախումներ էին տեղի ունենում, Իրանը երկու ճակատում էլ գործուն ներկայություն ունեցավ, որպեսզի պատերազմի կրակը հանգցնի և տարածաշրջանում խաղաղություն հաստատի»:

Նույն օրը վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ և ցանկություն հայտնել, որպեսզի հայ-իրանական հարաբերություններն ավելի ամրապնդվեն: