ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Դիլիջանի Թումո կենտրոն, որտեղ Թումո-Բանակ ծրագրի շրջանակում կրթություն կստանան նաև զինվորները:
Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որն իր ուսանողներին հնարավորություն է տալիս հմտանալ արվեստի և տեխնոլոգիաների լավագույն ու ամենավերջին ոլորտներում: Ներկայումս Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գործում է չորս կենտրոն:
Հունվարի 14-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիրը։ Դրանով նախատեսված գործակցության շրջանակում հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստակամ է պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանել 21-րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։ Ուսումնական ծրագիրը ներառում է կենտրոնի արտադպրոցական ծրագրի 14 ուսումնական ոլորտների ընտրանին։
Ծրագրում ներառված են հետևյալ ուղղությունները՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում։
Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով և 18 ամիս ժամկետով։ Դասընթացներն անցկացվելու են երեք` սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներով։