10 փետրվարի 2017 - 16:54 AMT
Ստամբուլում հայ ոսկերչի սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացիները ցմահ ազատազրկվել են

Ստամբուլի դատարանը ՀՀ 3 քաղաքացու ցմահ ազատազրկման է դատապարտել ստամբուլահայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիին սպանելու մեղադրանքով: Դատապարտվածներն են Արամ Հովհաննիսյանը, Արթուր Այվազյանն ու Սերժ Միքայելյանը, գրում է Daily Sabah-ը:

2016-ի փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում սպանվել է 85-ամյա Հակոբ Դեմիրջին, որը մոտ 40 տարի աշխատել է որպես ոսկերիչ: Կապկպելով Դեմիրջիին և նրա կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին` հանցագործները վերցրել էին տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել էր ժամանակին փրկել կնոջ կյանքը, սակայն տարեց տղամարդը խեղդամահ էր եղել:

Կասկածյալներին ձերբակալել էին Տրաբզոնում միջադեպից մի քանի օր անց: Հետաքննության ժամանակ պարզվել էր, որ նրանք Թուրքիա են ժամանել Հայաստանից և Տրաբզոնից մտադիր էին հայրենիք վերադառնալ:

Դեմիրջիի սպանության գործով 12 կասկածյալ էր անցնում, որից 9-ին դատարանն արդարացրել է բավարար ապացույցների բացակայության պատճառով: Մինչդեռ Դեմիրջի ընտանիքի փաստաբան Մեհմեթ Օրալը պահանջել է մեղադրանք առաջադրել նաև մնացած 9 կասկածյալին` հայտարարելով, որ վերջինների վերաբերյալ ևս ապացույցներ կան: