13 փետրվարի 2017 - 11:48 AMT
BAFTA. «Լա Լա Լենդը»` 2016-ի լավագույն ֆիլմ

Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» մյուզիքլը 2016-ի լավագույն ֆիլմ է ճանաչվել Բրիտանիայի կինո-և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի` BAFTA-ի կողմից:

Շազելը նաև ճանաչվել է լավագույն ռեժիսոր: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Էմմա Սթոունը:Լավագույն երաժշտության համար մրցանակին է արժանացել «Լա Լա Լենդ» մյուզիքլը և նրա կոմպոզիտոր Ջասթին Գուրվիցը:

Հոլիվուդյան «Լա Լա Լենդ» մյուզիքլը բրիտանական BAFTA մրցանակաբաշխության առաջատարն էր ներկայացված անվանակարգերով: Ֆիլմը հավակնում էր 11 արձանակի:

Ականավոր բրիտանական ֆիլմի համար մրցանակը ստացել է Քեն Լոուչը «Ես` Դենիել Բլեյքս» դրամայի համար, որը նպաստով ապրող միջին տարիքի տղամարդու մասին է, որը հանդիպում է մի միայնակ մոր, որը նույնանման խնդիրներ ունի, հայտնում է BBC.com-ը:

Լավագույն մոնտաժի համար մրցանակի է արժանացել Մել Գիբսոնի «Խղճի թելադրանքով» ֆիլմը: Կոստյումների գծով լավագույն նկարիչ է ճանաչվել Մադլեն Ֆոնթեյնը` «Ջեքի» ֆիլմի համար, որտեղ Նատալի Պորտմանը կատարել է Ջեքի Քենեդիի դերը: Լավագույն դիմահարդարման համար մրցանակին է արժանացել «Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինսը», լավագույն հնչյունային աշխատանքի համար մրցանակին է արժանացել «Ժամանում» ֆիլմը:

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Վիոլա Դևիսը, լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել հունգարացի ռեժիսոր Լասլո Նեմեշի «Սաուլի որդին» դրաման: Լավագույն փաստագրամն ֆիլմ է ճանաչվել «13-րդը», լավագույն ադապտացված սցենար` Լյուկ Դևիսի «Առյուծը», լավագույն օրիգինալ սցենար` «Մանչեսթերը ծովի մոտ»:

Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակին է արժանացել Քեյսի Աֆլեքը, որը խաղացել է «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմում: Երկրորդ պլանի լավագույն դերակատար է ճանաչվել Դեվ Պատելը` «Առյուծը» ֆիլմում դերակատարման համար:

BAFTA-ի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոնդոնի Ալբերտհոլում փետրվարի 12-ին: BAFTA-ն հաճախ համարում են Ամերիկյան կինոակադեմիայի քվեարկության ինդիկատորը:

Հունվարի լույս 9-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի» մրցանակների հանձնման 74-րդ արարողությունը: Երեկոյի տրիումֆատորը դարձավ «Լա Լա Լենդ» մյուզիքլը, որը հաղթել է բոլոր անվանակարգերում, որոնցում առաջադրվել էր: