13 փետրվարի 2017 - 11:12 AMT
Amnesty International-ը պահանջել է անհապաղ ազատել Լապշինին

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը և պահանջել անհապաղ ազատ արձակել նրան:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունն ընդգծել է, որ հայտնի բլոգերին Ադրբեջանում սպառնում են խոշտանգումներ, վատ վերաբերմունք և անարդար դատավարություն, և համոզմունք է հայտնում, որ քրեական հետապնդումը նրա դեմ պետք է դադարեցվի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նշելով, որ Լապշինը կալանավորվել է Բելառուսում 2016-ի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի պահանջով, և որ նրա դեմ ադրբեջանական իշխանությունները գործ են հարուցել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ «պետության դեմ հրապարակային կոչեր» և «սահմանի ապօրինի հատում», 2011 և 2012 թվականներին Լեռնային Ղարաբաղ կատարած այցերի համար` իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է. «Amnesty International-ը տեղյակ չէ Լեռնային Ղարաբաղ առանց իրենց թույլտվության այցելելու համար անձանց դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից արված արտահանձնման դիմումների այլ դեպքերի: Այդուհանդերձ, կան բազմաթիվ անհատներ, որոնք այցելել են այդ տարածք առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության և հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»:

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը համոզմունք է հայտնում, որ բլոգերի արտահանձնումը և նրան առաջադրված մեղադրանքները կապված են առաջին հերթին նրա հրապարակումների հետ:

Amnesty International-ը շեշտում է նաև, որ արտահանձնելով Լապշինին՝ Բելառուսի իշխանությունները խախտել են մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ սահմանված իրենց պարտավորությունները:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: