13 փետրվարի 2017 - 18:34 AMT
«Խելացի քաղաք» պիլոտային ծրագրով ՀՀ-ն գործակցելու է «Հուավեյ թեքնոլոջիսի» հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Խելացի քաղաք» պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ: Նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 13-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող «Հուավեյ թեքնոլոջիս» (Huawei tecnhnologies ) ընկերության ներկայացուցիչներին։

Նախարարը նշել է, որ արդեն քննարկվել են «Հուավեյ»-ի հետ համագործակցության ուղիները, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը, դրանց իրականացման հնարավոր շրջանակները, ինչի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել գործակցելու «Խելացի քաղաք» պիլոտային ծրագրի շրջանակներում։

«Հուավեյի» ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով հանդիպման և համագործակցության նպատակային քայլերի համար, Վահան Մարտիրոսյանին ներկայացրել են նաև Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեության շրջանակներն ու հնարավորությունները, այն ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Հուշագիրն ստորագրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը և «Հուավեյ թեքնոլոջիս» (Ռուսաստան) ընկերության փոխնախագահ Ցաո Չունը։

Հայաստանում «խելացի քաղաք» կարող է ստեղծվել: Այս հարցը 2016-ի դեկտեմբերին քննարկվել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական GSAFETY ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը:

Վարչապետը ողջունել է չինական կողմի՝ մեր երկրում ներդրումային ծրագրերին ներգրավելու պատրաստակամությունը և նշել, որ GSAFETY-ի համար Հայաստանը կարող է լավ հարթակ հանդիսանալ նաև ԵԱՏՄ շուկա դուրս գալու գործում: Կառավարության ղեկավարն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ ավելի առարկայական քննարկել փոխգործակցության հնարավոր ոլորտներն ու ծրագրերը: