14 փետրվարի 2017 - 12:41 AMT
Էդմոն Մարուքյանը գլխավորելու է ԵԼՔ-ի համամասնական ցուցակը

ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը, ցուցակի երկրորդ համարը Արամ Սարգսյանն է, երրորդը` Նիկոլ Փաշինյանը:

ԵԼՔ դաշինքի երեք կուսակցությունից յուրաքանչյուրն իր հերթին որոշեց, թե ում առաջադրի մյուս երկու կուսակցությունից գլխավորելու դաշինքի համամասնական ցուցակը: Փակ գաղտնի քվեարկությամբ «Հանրապետություն» կուսակցությունն առաջարկել է դաշինքի ցուցակի առաջին համարում Էդմոն Մարուքյանին, «Լուսավոր Հայաստանը»՝ Արամ Սարգսյանին, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Էդմոն Մարուքյանին, գրում է Panorama.am-ը:

Էդմոն Մարուքյանն ասել է, որ մեծ անակնալ է իր համար, չնայած որևէ տարբերություն չկա, թե ով է առաջնորդում դաշինքը, քանի որ երեք կուսակցության առաջնորդներն էլ ԵԼՔ-ի առաջնորդներն են:

«Մեծ պատասխանատվություն է լինել ցուցակի առաջին համարում: Մեծ պատվով կիրականացնեմ այդ պատասխանատվությունը՝ իմ գործընկերների հետ համաչափ քայլելով դեպի դաշինքի հաղթանակ»- ասել է Մարուքյանը:

ԵԼՔ դաշինքը ստեղծել են «Լուսավոր Հայաստան» (կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» (քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյան) և «Քաղաքացիական պայմանագիր» (վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը) կուսակցությունները: