15 փետրվարի 2017 - 09:30 AMT
Ադրբեջանական զինուժը 60 և 82 մմ ականանետեր է կիրառել

Փետրվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 3 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պաատսխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Փետրվարի 13-ին և լույս 14-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 400 կրակոց: