15 փետրվարի 2017 - 10:47 AMT
Քուրդ գործիչ. Սիրիացի քրդերը չեն հանձնի իրենց հողերը Թուրքիայի հսկողությանը

Սիրիացի քրդերը չեն հանձնի իրենց տարածքները, այդ թվում Մանբիջ քաղաքը Անկարայի հսկողությանը, իսկ թուրքական գրոհների դեպքում իրենց պաշտպանվելու իրավունք են վերապահում: Այդ մասին հայտարարել է Քոբանիի քրդական կանտոնի կառավարության ղեկավար Անվար Մուսլիմը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողությունը չի ավարտվի Ալ Բաբի գրավումով` թիրախ կդառնան Մանբիջն ու Ռաքքան:

«Մենք Թուրքիային դիտարկում ենք որպես զավթիչ, վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն հեռանալ Սիրիայից»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, «այժմ թուրքերի և սիրիացի քրդերի միջև բախումներ չկան, բայց երբեմն նրանք սադրանքների են դիմում, գնդակոծում են մեր տարածքը: Մենք պաշտպանվելու իրավունք ունենք»,-ասել է Մուսլիմը:

«Էրդողանը փաստացի փոխանակում է արել` Հալեպը փոխելով այս տարածքի հետ: Բայց մենք պայքարելու ենք մեր հողի համար»,-ասել է սիրիացի քրդերի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ ռազմական գործողության նպատակներից մեկն է ստիպել քրդերին հեռանալ Մանբիջից, որը նրանք գրավել են 2016-ի ամռանը` ազատագրելով ԻՊ-ից:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: