15 փետրվարի 2017 - 13:54 AMT
ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին տասնյակի փոփոխությունները՝ 5 տարում

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կգլխավոր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Ցուցակի առաջին տասնյակում են նաև՝ Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանն ու Կարեն Ավագյանը:

ՀՀԿ համամասնական ցուցակը բաղկացած է 64 ներկայացուցչից, իսկ տարածքայինը՝ 133 քաղաքացուց: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը շատ ավելի ընդարձակ էր և ներառում էր 250 անուն:

Բացի այդ, 5 տարվա ընթացքում արմատապես փոխվել է ՀՀԿ-ի համամասնական ցանկի առաջին տասնյակը. իր տեղը պահպանել է միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

5 տարի առաջ ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնականում Հայաստանի նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն էր, որի անունն այս անգամ ընդհանրապես չի ներառվել։

Ցուցակի երկրորդ տեղում Ազգային ժողովի նախկին նախագահ, կուսակցության նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն էր (լքել է կուսակցությունը), որին հաջորդում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը (անցել է դիվանագիտական աշխատանքի), Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը (համամասնական ցուցակում 2 հորիզոնականով բարելավել է դիրքը):

5-րդ հորիզոնականում Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն էր, նրան հաջորդում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը,: Տասնյակը եզրափակում էր Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Արդյոք կներառվեն վերջիններս ՀՀԿ այս տարվա համամասնական ցուցակում, թե՝ ոչ, հայտնի կդառնա փետրվարի 17-ին:

Կարդացեք նաև՝ ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը, իսկ շտաբը՝ ԳՄ-ն ու Սերժ Սարգսյանը