14 սեպտեմբերի 2007 - 17:56 AMT
Ռուսաստանի վարչապետ դարձավ Վիկտոր Զուբկովը
Վիկտոր Զուբկովը դարձավ Ռուսաստանի նոր վարչապետը: Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Զուբկովին այդ պաշտոնում նշանակելու մասին: Դրանից առաջ նրա թեկնածությունը հաստատվեց Պետդումայի պատգամավորների կողմից: Կողմ է քվեարկել 381 պատգամավոր: Այս արդյունքը գերազանցում է նույնիսկ երեք տարվա վաղեմության քվեարկության արդյունքները Զուբկովի նախորդի` Միխաիլ Ֆրադկովի թեկնածության վերաբերյալ: Այն ժամանակ նրա օգտին 29 պատգամավոր պակաս քվեարկեց:

Այսօր Զուբկովը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ գործակալություն ստեղծելու անհրաժեշտության մասին, խոստացել է նվազեցնել հարկերը, որպես ռազմավարական նպատակ նշել է ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացումը: Նա նաեւ հայտարարել է, որ կառավարությունում հասունացել են փոփոխությունները եւ կաբինետի կառուցվածքը կվերափոխվի, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն: