16 փետրվարի 2017 - 11:09 AMT
ԱՄՆ-ն և Իսրայելն աշխատանքային խումբ կստեղծեն Իրանին հակազդելու համար

ԱՄՆ-ն և Իսրայելն աշխատանքային խմբեր են ստեղծել մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ, այդ թվում` Իրանին հակազդելու և Պաղեստինի տնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Որոշումը կայացվել է փետրվարի 15-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի միջև բանակցությունների ավարտին:

«Առաջնորդները ցուցումներ են տվել իրենց թիմերին առաջիկա ամիսներին աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որը զգալիորեն կբարելավի երկկողմ գործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում կիբերոլորտում, հետախուզության, անվտանգության, առևտրի, տեխնոլոգիաների, Իրանից բխող սպառնալիքներին հակազդելու ոլորտներում: Գործակցությունն ուղղված է նաև աջակցությանը արաբա-իսրայելան գործակցությանը, ներառյալ տնտեսական ոլորտը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Առանձին աշխատանքային խումբ կզբաղվի Պաղեստինի տնտեսության աճին աջակցության հարցերով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն չի պնդի 2 պետության սկզբունքի վրա մերձավորարևելյան հիմնախնդրի լուծման հարցում:

Հունվարի 15-ին Փարիզում մերձավորարևելյան համակարտության կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողով տեղի ունեցավ: Համաժողովի հիմնական նպատակն էր աջակցել փակուղի մտած իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսմանը: Մասնակցել է 70 երկրի ներկայացուցիչ: Իսրայելը բոյկոտել է համաժողովը` համարելով, որ այն միայն հետաձգում է խաղաղության հաստատումը, ամրապնդելով պաղեստինցիների անհաշտ դիրքորոշումը: Պաղեստինցիները ողջունել են բազմակողմ մոտեցումը: Կոնֆերանսի ամփոփիչ փաստաթղթում կողմերին խորհուրդ է տրվում ճանաչել «2 պետություն` 2 ժողովրդի համար» սկզբունքը: