16 փետրվարի 2017 - 13:16 AMT
Վիրահայեր. Ադրբեջանի դեսպանատունը Վրաստանում հայ-ադրբեջանական բախումներ է հրահրում

Արդեն մի քանի տարի է, ինչ Վրաստանում՝ Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրագործվում են մի շարք միջոցառումներ «Խոջալուի արդարությունը» անվամբ։

Վրաստանի հայ համայնքը հայտնում է, որ արտասահմանյան պետության ներկայացուցչությունը տեղի բնակիչներին՝ վրացի ադրբեջանցիներին հրահրում է անցկացնել տարբեր բողոքի ցույցեր և քարոզչություն անցկացնել քաղաքի փողոցներում, այլ երկրների դեսպանատների առջև։

Համայնքը տեղեկացնում է, որ մի քանի օր առաջ ադրբեջանական մամուլը սկսել է հրապարակել մի շարք նորություններ, որոնք կարդալով հայտնի է դառնում, որ Մառնեուլիում բնակվող ադրբեջանցիները (ամենայն հավանականությամբ Վրաստանի քաղաքացիներ) կազմակերպել են այսպես կոչված «աշխատանքային խումբ» և սկսել են նախապատրաստվել «Խոջալուի արդարությունը» անվամբ միջոցառմանը։

«Աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղարը՝ Էլչին Մամեդովը, որը ներկայացրել է հավաքվածներին «Խոջալուի 25 ամյակի առթիվ անցկացվելիք միջոցառումների և ծրագրի մասին» նախագահ Իլհամ Ալիևի հրամանը։ Դեսպանատան առաջին քարտուղարը նաև լսել է ադրբեջանցի երիտասարդության առաջարկությունները և կարծիքները», -գրում է ադրբեջանական ԱՊԱ-տեղեկատվական կենտրոնը։

Վրացի ադրբեջանցիների կողմից Ալիևի հրանանով իրականացվելիք ծրագրի շրջանակներում մտնում են հետևյալ միջոցառումները՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջև բողոքի ցույցը, քարոզչական թռուցիկների և թերթերի բաժանումը Թբիլիսիի մետրոյի կայարանների մոտակայքում (Ռուսթավելի, Ազատության հրապարակ, Մարջանիշվիլի), երկրի հանրային դպրոցներում նկարների մրցույթի անցկացումը, Թբիլիսիում Ախունդովի անվան պետական տուն-թանգարանում գիտական վեհաժողովի անցկացումը։ Ինչպես նաև մի շարք միջոցառումների անցկացումը Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի շրջանում։

«Դժվար չէ կռահել, թե ինչպիսի նպատակներ է հետապնդում ադրբեջանական դեսպանատունը՝ հրահրելով ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներին անցկացնել նման միջոցառումներ մի քաղաքում, որտեղ ավելի քան 50.000 բնակիչ հայկական ծագում ունի։ Թբիլիսիում հայ-ադրբեջանական կոնֆլիկտ հրահրելու փորձեր եղել են նաև անցյալ տարիներին։ Տվյալ փորձերը հատկապես ագրեսիվ ձև ընդունեցին անցյալ տարի գարնանը։ Այդ օրերին միայն վիրահայերի ողջամտությունն էր, որը պաշտպանեց երկրին ծայրահեղ վտանգավոր և անցանկալի հետևանքներից։

Եթե ամբողջ ծրագրվածը լիներ ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիները նախաձեռնությունը, ապա դեռ կարելի էր փորձել հասկանալ մեր համաքաղաքացիների անկեղծ զգացմունքները։ Կարելի էր ամեն ինչ վերագրել քաղաքացիների՝ իրենց կարծիքն ու դիրքորոշումն արտահայտելու իրենց օրինական իրավունքին։ Բայց բանը հենց նրանում է, որ այս ողջ գործունեությունը անցկացվում է «արտասահմանյան պետության նախագահի հրամանի» շրջանակներում», - ասված է Վրաստանի հայ համայնքի հաղորդագրությունում։

Նշվում է, որ կարծես թե եկել է ժամանակը, որպեսզի Վրաստանի իշխանությունները պարզություն մտցնեն այս հարցում. «մենք արդեն ապրում ենք Ադրբեջանի տարածքում, թե՞ այն երկիրը, որի քաղաքացիներն ենք մենք հանդիսանում, այնուամենայնիվ, ունի բավարար հարգանք ինքն իր նկատմամբ, որպեսզի թույլ չտա արտասահմանյան պետությանը խառնվելու իր հասարակության ձևավորման գործընթացին և անթաքույց կերպով կոնֆլիկտներ հրահրի»։