16 փետրվարի 2017 - 14:58 AMT
Գերմանիայի ՍԴ-ն ուժի մեջ է թողել Ցեղասպանությունը ճանաչող օրենքը. Թուրք փաստաբանի հայցը մերժվել է

Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրք փաստաբան Ռամազան Աքբաշի հայցը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Ըստ դատարանի որոշման, հայցում չկան ապացույցներ առ այն, որ Բունդեսթագի ընդունած օրենքը հակասում է իրավական նորմերին, հայտնում է «Sputnik-Արմենիան» Bir Gun-ի վրա հղումով:

Աքբաշը մտադիր է վիճարկել Գերմանիայի Սահմանադրական դատարանի որոշումը Մարդու իրավուքների եվրոպական դատարանում:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ է քվեարկել բանաձևին։

Բանաձևում, որում օգտագործվում է «ցեղասպանություն» եզրույթը, նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում սկսված հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանության ու կոտորածների զոհերի հիշատակի առաջ և սգում երիտթուրքերի իրականացրած և Օսմանյան կայսրության տարածքում հայերի գրեթե ամբողջությամբ բնաջնջման պատճառ դարձած քայլերի համար։

Քվեարկությունից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց դեսպանին Բեռլինից: